Պատմություն

ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը`որպես  սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանը, հիմնադրվել է  1949թ.  անվանի սելեկցիոներ Անահիտ Անանյանի ղեկավարությամբ: Անահիտ Անանյանը ղեկավարել է վերոհիշյալ գիտական կայանը 1949թ. մինչև  1981թ.: Նրա հեղինակությամբ ստացվել են բանջարաբոստանային մշակաբույսերի շուրջ 15 սորտեր: Ճանաչված սելեկցիոները պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի դիպլոմներով, ոսկե, արծաթե մեդալներով: 


1959թ. Գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է Բանջարաբոստանաին մշակաբույսերի տեխնոլոգիայի բաժին, որը ղեկավարել է նախ անվանի բանջարաբույծ Սրափիոն Խաչատրյանը, հետագայում` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ավագյանը: Արագորեն զարգացող, գիտականորեն վարվող գյուղատնտեսության արտադրության պահանջները բավարարելու և գիտաարտադրական աշխատանքները համակարգելու նպատակով 1981 թ. Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի վերոհիշյալ բաժինը միացվել է Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանին, որի տնօրեն  է նշանակվել Ա. Ավագյանը: Վերջինիս ղեկավարությամբ 1981-1989 թթ կայանի գիտաշխատողները  զգալի աշխատանքներ են կատարել բաց և պաշտպանված գրունտի պայմաններում բանջարաբոստանային մշակաբույսերի ագրոհամալիր մշակման, կլոր տարին թարմ բանջարեղենի արտադրության կազմակերպման, սինթետիկ թաղանթների տակ և հիդրոպոնիկ եղանակով բանջարեղենի մշակման, բույսերի աճման և զարգացման օրինաչափությունների ուսումնասիրության և նոր սորտերի ստացման ու ներդրման ուղղությամբ: Հիմք ընդունելով բանջարաբուծության բնագավառում կատարված ծանրակշիռ գիտական ուսումնասիրություններն ու ներդրումները 1993 թ. Բանջարաբոստանային մշակաբույսերի սելեկցիոն-սերմնաբուծական  հանրապետական կայանը վերանվանվել է Բանջարաբոստանային մշակաբույսերի գ/հ ինստիտուտի, իսկ 1998թ. վերակազմավորվել Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի: 1989-2006թթ Գիտական կենտրոնը  ղեկավարել է  Գալուստ Հայկի Ասլանյանը, իսկ  2006թ.-ից  մինչ օրս  Գիտական կենտրոնը  ղեկավարւմ է Գայանե Ժորայի Սարգսյանը:

Գիտական կենտրոնը իր գոյության վեց տասնամյակների ընթացքում մեծ ավանդ է ներդրել հանրապետության գյուղատնտեսական գիտության և արտադրության վերելքի, տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում: Մեծածավալ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել տեսական հիմնահարցերի մշակման, կիրառական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք գիտական  կոլեկտիվին մեծ ճանաչում են բերել ինչպես հանրապետությունում, այնպես էլ ԱՊՀ –ի և արտասահմանյան մի շարք երկրներում: