Հայերեն * English

ՎԱՐՈՒՆԳԻ ՍՈՐՏԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
Հանրապետության գրեթե բոլոր գոտիներում վարունգը մշակվում է կլոր տարին ինչպես բաց, այնպես էլ ծածկած գրունտում: Մշակաբույսի լայն տարածումը պայմանավորված է վեգետացիոն շրջանի կարճ տևողությամբ և պտուղների համային որակով թարմ և պահածո վիճակում: Ներկայումս ստեղծվել են թարմ օգտագործման և պահածոյացման համար վարունգի մի շարք սորտեր, որոնք աչքի են ընկնում բերքատվությամբ, որակական և համային բարձր հատկանիշներով:
Գեղարքունիքի
մարզի բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս մշակել բանջարեղենի մեծ տեսականի, ուստի բնակչության օրեցօր աճող պահանջների բավարարման համար կարևորվում է վարունգի ցանքատարածությունների ավելացումը ի հաշիվ սորտերի և տեխնոլոգիաների ճիշտ ընտրության:

Տեխնոլոգիայի նկարագրությունը
Մարզում վարունգի աճի ու զարգացման համար նպաստավոր օրերի թիվը քիչ է, ուստի վարունգի մշակությունը կատարվել է թաղարային եղանակով, պլաստմասսե բաժակներում: Ստուգիչ է հանդիսացել ավանդական /թմբային/ եղանակով մշակության տարբերակը: Տեխնոլոգիան կիրառվել է թարմ օգտագործման համար Հայարփի և պահածոյացման համար Մանե վարունգի սորտերի վրա: Ստուգիչ տարբերակի ցանքը և փորձարկվող տարբերակի սածիլումը կատարվել են հունիսի առաջին տասնօրյակում: Ցանքից առաջ սերմերը ենթարկվել են թերմիկ ախտահանման: Բանջարային մշակաբույսերի արդյունավետությունը կախված է հիմնականում որակյալ սածիլների ստացումից, ինչն էլ պայմանավորված է հողախառնուրդի ճիշտ ընտրությամբ: Վարունգի սածիլներն աճեցվել են մեկ մաս ճմահող, մեկ մաս կենսահումուս և վեց մաս տորֆ հողախառնուրդում:

Սորտերի նկարագրությունը
Մանե
Վաղահաս է: Թուփը միջին հզորության, տերևը միջին մեծության, սրտաձև, հնգանկյուն, կանաչ գույնի: Պտուղը ուղիղ գլանաձև, բաց կանաչ գույնի: Պտղի միջին զանգվածը 90-110գ: Չոր նյութերը պտուղներում կազմում են 4,5-5,0 %: Բերքատվությունը` 235,0-240,0 ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Օգտագործվում է թարմ վիճակում և պահածոյացման համար:

Հայարփի Վաղահաս է: Թուփը միջին հզորության, տերևը միջին մեծության, սրտաձև, հնգանկյուն, կանաչ գույնի: Պտուղը ուղիղ գլանաձև, մակերեսը հարթ, փայլուն, կանաչ գույնի: Պտղի միջին զանգվածը 120-130 գ: Չոր նյութերը պտուղներում` 4,8-5,2%:
Բերքատվությունը`
260,0-285,0 ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Սեղանի օգտագործման համար նախատեսված սորտ է:

Արդյունքները
Ուսումնասիրությունների արդյունքները հավաստում են, որ թաղարային եղանակով մշակության դեպքում ծաղկման և հասունացման փուլերը արագ են ընթացել, համապատասխանաբար` 2 և 3 օրով: Չնայած մշակության 2 եղանակների դեպքում էլ բույսերի ֆենոլոգիական փուլերի անցման տևողությունների միջև էական տարբերություններ չեն նկատվել, այնուամենայնիվ, փորձարկվող տարբերակով մշակության դեպքում պտուղների հասունացման փուլը  գրանցվել է 20-25 օր շուտ, որը թաղարային բույսերի վաղ ցանքի հետևանքն է: Փորձարկվող տարբերակում բույսերը եղել են ավելի հզոր, տերևներն ունեցել են վառ կանաչ գույն, գերակշռել են իգական բույսերը, ինչը բերել է ավելի մեծ թվով պտուղների կազմակերպմանը և բերքատվության ավելացմանը:
Ստուգիչ տարբերակում բերքատվությունը Հայարփի սորտի մոտ կազմել է 220,7 ց/հա, փորձարկվող տարբերակում` 271,4 և գերազանցել է ստուգիչին 23,3 %-ով: Այս տարբերակում պտուղները եղել են ավելի գեղեցիկ և օժտված որակական բարձր ցուցանիշներով: Փորձարկվող տարբերակում բույսերը գրեթե չեն հիվանդացել: Մանե սորտի փորձարկվող տարբերակում բերքատվությունն ավել է եղել ստուգիչից 19,9 %-ով: Երկու սորտերի մոտ էլ, փորձարկվող տարբերակում, բարձր է եղել նաև ապրանքային բերքի տոկոսը:

Արդյունքները հավաստում են, որ կիրառված տեխնոլոգիան տնտեսապես արդյունավետ է և թաղարային եղանակով մշակության դեպքում ստուգիչի նկատմամբ ստացվել է Մանե սորտի մոտ 7480 և Հայարփիի` 9930 դրամ հավելյալ եկամուտ:

Տեխնոլոգիայի կիրառման վայրը`
Վարունգի մշակության տեխնոլոգիան կիրառելի է հանրապետության բոլոր մարզերում:

Օգտագործված գրականություն
1. Թադևոսյան Լ.Մ. - Վարունգի նոր հեռանկարային սորտի բնութագիրը:
Միջազ
գային գիտաժողովի նյութեր Գյուղ. և բնապահպան. հիմնախնդիրները
Անդրկովկասի
տարածաշրջանում , 2001, Երևան:
2. Абрамов В.К. – Климат культура огурца.
Л., 1974.

Տեղեկությունների համար դիմել.
- Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
Խորհրդատու
` Լաուրա Թադևոսյանին, հեռ. (0236) 4-08-92, (093) 64-45-30
-
ԳԱՀԿ, Ինովացիայի և ուսուցման բաժին
-
Գեղարքունիքի ԳԱՄԿ, հեռ. /0264/ 3-00-96